Գ. Մեջլումյանի անվան մրցաշարը ըմբշամարտը զարգացնելու հնարավորություն է. Արսեն Ջուլֆալակյան


67874Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը բարձր է գնահատում գավաթային մրցաշարերի անցկացումը: Ըստ նրա՝ դրանք տաղանդավոր մարզիկներին իրենց դրսևորելու և ունակությունները զարգացնելու հնարավորություն են տալիս: Այս մասին ըմբիշն ասաց Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների 10-րդ միջազգային հուշամրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը դիտելուց հետո:

«Սա հիասքանչ հնարավորություն է սպորտը զարգացնելու, տվյալ պարագայում՝ ազատ ոճի ըմբշամարտը: Շնորհավորում եմ բոլորին՝ անկախ արդյունքից, որովհետև նույնիսկ պարտվելու դեպքում նման մրցաշարերի միջոցով է, որ հնարավոր է լինում զարգացնել, տեսնել թերությունները, առավելությունները աշխատել դրանց վրա»,-ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը չցանկացավ առանձնացնել որևէ մարզիկի, սակայն նշեց, որ որոշ ըմբիշներ դեռևս աշխատելու տեղ ունեն:

«Տեսնում եմ և՛ Վանաձորի, և՛ Երևանի թիմերից կան բավականին հետաքրքիր գոտեմարտ վարող մարզիկներ: Կոնկրետ չառանձնացնեմ, բայց բնական է, որ կան մարզիկներ, որ աշխատելու տեղ ունեն, թերություններ տեսա: Ամեն դեպքում, վստահ եմ՝ մարզիչներն աշխատանքը կանեն»,-ասաց նա:

Ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր Գնել Մեջլումյանի անվան 10-րդ միջազգային կարգի գավաթի խաղարկությունն անցկացվեց հոկտեմբերի 2-3-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում: Մրցաշարին մասնակցեցին 1999, 2000, 2001 թվականներին ծնված ըմբիշենրը՝ 150 մարզիկներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Վրաստանից: Հաղթող դարձավ «Երևան 1» թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Լոռի» թիմը, իսկ երրորդը՝ «Կոտայք»-ի թիմը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *